Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Պատմական փաստերի ստուգման հարթակ» նախաձեռնության մասին․ ի գիտություն ԶԼՄ-ների

«Պատմական փաստերի ստուգման հարթակ» նախաձեռնության մասին․ ի գիտություն ԶԼՄ-ների
07.09.2024 | 08:51

• Պատմության իմացության և իմաստավորման հարցերը լայն հետաքրքրություն են ներկայացրել բոլոր ժամանակներում՝ հատկապես շրջադարձային իրավիճակներում ու ճակատագրական պատմափուլերում։ Մարտահրավերների ու ճգնաժամերի դեմ հանդիման՝ ժողովուրդները առկա խնդիրների բուն արմատներն ու մարտահրավերների հաղթահարման բանալիները փորձում են գտնել նաև պատմական անցյալի դասերում։

• Նման իրավիճակներում անցյալի, հատկապես ժամանակակից պատմության հանդեպ մեծ ուշադրությունն իր հերթին հանգեցնում է պատմության քաղաքական նպատակահարմարությամբ թելադրված կողմնակալ մեկնաբանությունների, աղավաղման ու նույնիսկ ուրացման։ Դա հատկապես սուր է դրսևորվում ոչ մասնագիտական շրջանակների՝ քաղաքական ու հանրային գործիչների խոսույթում։ Ըստ այդմ, պատմական անցյալի փորձը դուրս է դրվում օբյեկտիվ իմաստավորման շառավիղից և կորցնում իր կիրառական նշանակությունը՝ վերածվելով այս կամ այն տեսակետը հիմնավորող ու լեգիտիմացնող, հանրային-քաղաքական ընթացիկ դիսկուրսը սնուցող ու կամայական մեկնաբանության ենթակա նյութի անսպառ աղբյուրի։

• Այս երևույթի ցցուն օրինակ է մերօրյա Հայաստանը․ քաղաքական տարբեր հոսանքներ, պետական-քաղաքական գործիչներ, հանրային կարծիքի առաջատարներ, լրատվամիջոցներ, փորձագետներ ու սոցիալական ցանցերի հազարավոր օգտատերեր հաճախ են ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ իրենց քաղաքական օրակարգը, այս կամ այն տեսակետը «հիմնավորում» պատմական անցյալի «փաստերով»։

• Պատմաբանների ինստիտուցիոնալ չկազմակերպվածությունը, հանրային կարծիքի ձևավորման ժամանակակից մեխանիզմներին ու ալգորիթմներին չտիրապետելն ու տեղեկատվական ռեսուրսների անմատչելիությունը, չոր ակադեմիականությունն ու զանգվածային պատմությանը վերագրվող աննշանակալիությունը, որոշ դեպքերում նաև մասնագիտական անհամարժեքությունը չեն նպաստում այս արատավոր երևույթի զսպմանը՝ պատմությունը վերածելով որբի գլխի, որը վրա հասնողը խուզում է իր ճաշակով։ Այս ապակողմնորոշիչ աղավաղմանը մեր օրերում էապես նպաստում է նաև առավել մեծ լսարան ունեցող դերակատարների նպատակաուղղված քարոզչությունը։

• Որպես այս անընդունելի իրավիճակի զսպման գործիք, առկա մի քանի արդյունավետ հարթակներին ու անհատների ջանքերին ի հավելումն, նախաձեռնել եմ ստեղծել «Պատմական փաստերի ստուգման հարթակ»։

https://www.facebook.com/profile.php?id=61565070523993

• Մասնագիտական մշտադիտարկման արդյունքում կառանձնացվեն տեղեկատվական հոսքերում լայն տարածում և հանրային մեծ հնչեղություն ստացած պատմական փաստերի միտումնավոր կամ ոչ միտումնավոր խեղաթյուրման առանցքային դեպքերը։ Դրանց վերաբերյալ կպատրաստվեն մասնագիտական հատու տեղականք-հաղորդագրություններ, որոնք կտեղադրվեն հարթակի ֆեյսբուքյան էջում և կուղարկվեն լրատվության միջոցներին՝ հանրայնացման խնդրանքով։ Լրատվության միջոցների հետ գործընկերությունն ու մասնագիտական շրջանակների կամովի ներգրավածությունը նախապայման են այս նախաձեռության արդյունավետ իրականացման համար՝ արդյունավետորեն հակազդելու պատմության քաղաքական նպատակահարմարությամբ թելադրված զանգվածային աղավաղմանը։

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2806

Մեկնաբանություններ